Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին անդրադարձավ ապրիլին փակված 70 հազար և մայիսին վերականգնված կամ բացված 50 հազար աշխատատեղերին:
Վարչապետն արձանագրեց, որ շուրջ 20 հազար աշխատող է այս ընթացքում կորցրել աշխատանքը, ու Կառավարությունը որոշել է այդ մարդկանց օգնություն ցուցաբերել: Փաշինյանը նշեց, որ աջակցությունը կտրվի նվազագույն աշխատավարձի չափով և միայն անկանխիկ եղանակով՝ հիշեցնելով 9-րդ միջոցառման հետ կապված կորոնավիրուսով վարակման դեպքերը բանկային համակարգում:
«Ապրիլին մենք ընթացիկ հաշիվների ուսումնասիրությամբ արձանագրում էինք, որ տնտեսությունը գահավիժում է, և ինչքան էլ ծանր լիներ, հակահամաճարակային զրոյական վիճակ չունենալով, որոշեցինք տնտեսական որոշակի սահմանափակումները վերացնելու և նվազեցնելու ճանապարհով գնանք, և եթե այդ որոշումը չկայացվեր, մենք կունենայինք այս վիճակագրության գուցե կրկնապատիկը: Գուցե մայիսի արդյունքներով փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 100-150 հազար աշխատատեղ:
Այս առումով շատ կարևորում եմ այն, որ մենք կարողանանք չգնալ լոքդաունի, որովհետև դա ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատատեղեր փակվում են՝ սրանից բխող սոցիալական, տնտեսական և այլ հետևանքներով»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն անդրադարձավ հերթեր չպահելու խնդրին, սոցցանցերում ապատեղեկատվության տարածմանը, որոնք խանգարում են հակահամաճարակային կանոնների ճշգրիտ պահպանմանը:
«Մեկն ասում է՝ չիպավորում են, մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մեկն ասում է՝ հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, մի տեղ մասոնական ժողով է, մի տեղ՝ գեյերի, մյուս տեղում՝ հակահայկական ժողով է: Այսինքն՝ էս կորոնավիրուսի շրջանում Կառավարությունը սաղ գործերը թողե՞լ էր և բոլոր մեկուսացված հյուրանոցներում ինչքան հակահայկական հնարավոր ժողովներ կար, ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել, իրականացրի՞նք, որոշումները կայացրինք, և բոլորը գոհ են:
Վատ լուրն այն է, որ մարդիկ, որոնք ցուցադրաբար դիմակներ չէին կրում, նույնիսկ տուգանվելուց հետո, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում: Ամեն օր այդ հայտնի շրջանակները, ովքեր էս լուրերը տարածում էին, հիմա ալիքաձև կորոնավիրուսն է էդ շրջանակներում տարածվում»,- նշեց վարչապետը: