Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Ընդհանուր թվով ԲԳՎ-ներ են հանձնվել արդեն 82 ընտանիքների՝ 1,66 մլրդ դրամի շրջանակում։
Առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից դեռևս վկայագրեր չստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը ուսումնասիրման փուլում են։ Այս նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը շաբաթական պարբերականությամբ նիստեր է անցկացնում։
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցնում վկայագրերը բնակավայրեր։
Պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով՝ մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։
Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։
Արդյունքում՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը: