Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից տեղեկացնում են, որ ՎԶԵԲ-ը 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ, որպեսզի այն հետագայում ֆինանսավորի Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքների ազդեցությունը կրող մասնավոր ընկերություններին։
ՎԶԵԲ-ի երկարամյա (2003 թվականից ի վեր) գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է և ուժեղ դիրքեր ունի գյուղատնտեսության և միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման ոլորտում, մասնավորապես, գյուղական համայնքներում: Հայաստանի բոլոր մարզերում 60 մասնաճյուղ ունեցող ցանցի շնորհիվ այն հասանելի է շատ հաճախորդների համար, որոնք, հնարավոր է, տուժել են այս անկայուն ժամանակահատվածում։
Covid-19 ճգնաժամի ընթացքում ՎԶԵԲ-ը շարունակում է հանդիսանալ Հայաստանում առանցքային գործընկեր, և այս նոր ֆինանսավորումը կորոնավիրուսային համաճարակի ազդեցության դեմ պայքարին օժանդակելու և վերականգնմանը աջակցելու միջոցառումների մի մաս է կազմում:
ՎԶԵԲ-ը հանձնառու է 2020-21 թթ․ 21 միլիարդ եվրո գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրներին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար Կայունության ծրագիր, որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն և շրջանառու միջոցներ:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է 1,5 միլիարդ եվրո 183 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն: