Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների 9 հոգուց բաղկացած երկրորդ խումբը, որը ղեկավարում է Մարսելի «Նորդ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, հայազգի անվանի բժիշկ, պրոֆեսոր Լորան Փափազյանը, Հայաստանում կաշխատի 2 շաբաթ:
Անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, ինտեսիվ թերապիայի մասնագետները և բուժքույրերը եկել են փոխարինելու Երևանի կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններում երկու շաբաթ աշխատած իրենց հայրենակիցներին: Նրանք իրենց մասնագիտական փորձով կկիսվեն և կաջակցեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնների մեր մասնագետներին:
Նշենք, որ Ֆրանսիայի բժիշկների այցերը կազմակերպվել են առողջապահության նախարարության, Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի (ANIF), Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով: