ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխությունների թեմայով հնչած քննադատություններին:
«Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015 թ. Սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որ այժմ չի համապատասխանում, և անում է դա օրենքին համապատասխան»,- շեշտեց Մակունցը: Ըստ նրա՝ ՍԴ-ն որպես դատական իշխանության կարևոր կենտրոններից մեկը՝ առնվազն մթնոլորտի առումով մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա:
Լիլիթ Մակունցը պատասխանեց հարցին, թե միջազգային հանրությունն ինչպես կընդունի Սահմանադրության փոփոխությունները խորհրդարանը քննարկեց ընդդիմադիր խմբակցությունների բացակայության պայմաններում: «Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ապա ամեն ինչ առավել քան հստակ է. եզրակացության առանցքային, կոնցեպտուալ հատվածի հետ կապված տարաձայնություններ չկան, իսկ մնացյալ դետալների առումով ընտրել ենք ճանապարհը, որ կարող է թուլացնել լարված իրավիճակը: Եւ հիշեցնեմ՝ վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության քվեարկությանը, ապա ընդդիմության իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել: Եւ քաղաքական մեծամասնությունն այստեղ որոշում չի կայացնում: Մյուս կողմից ԱԺ կանոնակարգ օրենքով, սահմանադրությամբ սահմանվում են, թե ինչպես են ընդունվում ԱԺ որոշումները»,- մանրամասնեց Լիլիթ Մակունցը:
Նա անդրադարձավ նաև սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու ընթացակարգին: «Նախագահի ստորագրելու հետո 24 ժամ անց ԱԺ նախագահն էլ կարող է հրապարակել ԱԺ պատգամավոևրների քվեարկության արդյունքները: Դրանից դարձյալ 24 ժամ անց քվեարկության արդյունքները կմտնեն ուժի մեջ»,- Մանրամասնեց Մակունցը: Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելուն, ապա Մակունցը մանրամասնեց, որ նրանց պետք է ներկայացնի նախագահը,կառավարությունն ու դատավորների ընդհանուր ժողովը: «Երբ ներկայացնեն՝ կքննարկենք»,- ասաց նա: