Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով ձեռք բերած օպերատիվ տվյալները, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Նորագավիթի տներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 2019 թվականի դեկտեմբերից Դիլիջանի բաժնի կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 35-ամյա մի տղամարդու՝ խափանման միջոց ընտրելով կալանքը։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 22:15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղու ավտոգազալցակայանի դիմաց Դիլիջանի 35 և 32-ամյա բնակիչներն ու հիվանդանոց տեղափոխված անձը վիճել էին, որի ընթացքում 35-ամյա տղամարդը ատրճանակով երեք անգամ կրակել էր 31-ամյա տղամարդու ուղղությամբ:
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Դիլիջանի 35-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել ու հայտարարվել հետախուզում։ Նա հայտնաբերվելուց հետո ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: