ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են համագործակցության մասին, որի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ արվեստի ոլորտում կրթություն ստացող տաղանդաշատ երիտասարդների համար, տեղեկացնում են նախարարությունից։
2018 թ. «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքի անդամները դիմում էին ստացել Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավարությունից՝ այն Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Այնուհետև հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը այցելել են քոլեջ, հանդիպել ինչպես ղեկավարության, այնպես էլ ուսանողների հետ: Հանդիպումների արդյունքում տրվել է անվանակոչման համաձայնությունը:
Դրանից հետո, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթության որակի և արդյունավետության բարձրացման քաղաքականության շրջանակներում, հայտարարվել է, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը կմիավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ։ 2020 թ. ապրիլի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ կայացվել է միավորման որոշումը, իսկ հունիսի 22-ին նորաստեղծ հաստատությունը պաշտոնապես անվանակոչվել է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»։
«Մենք ուրախ ենք համագործակցել նախարարության հետ՝ այդպիսով աջակցելով տաղանդաշատ երիտասարդների առաջընթացին: Վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ քոլեջը կդառնա ավելի գրավիչ և կընդլայնի իր հնարավորությունները: Շառլ Ազնավուրի մասնագիտական ուղին էլ լի էր բազմաթիվ խոչընդոտներով ու մարտահրավերներով, սակայն նրա վճռականությունն ու քրտնաջան աշխատանքը անհավանական արդյունքներ տվեցին՝ համաշխարհային ճանաչում բերելով արտիստին: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդ սերունդը ոգեշնչվի Ազնավուրի օրինակով և միշտ ձգտի ավելիին»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը:
«Երկու քոլեջների միավորմամբ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի էապես բարելավել կրթության որակն ու արդյունավետությունը, մեծացնել միավորված հաստատության կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովել արվեստում իրենց ճանապարհը տեսնող երիտասարդների համար զարգացման և ինքնադրսևորման լավագույն հնարավորություններ, ստեղծագործ միջավայր։ Վստահ ենք, որ «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությունը լինելու է արվեստային և մշակութային կրթության զարգացման կարևոր գրավականը»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Ազնավուր» հիմնադրամը և ՀՀ ԿԳՄՍՆ-ն նախատեսում են ստորագրել Փոխըմբռնման հուշագիր, որով կամրագրվի քոլեջի զարգացման ռազմավարության շուրջ համատեղ աշխատելու պատրաստակամությունը, հաստատության՝ ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչման նախաձեռնումը, ինչպես նաև հիմնադրամի և նորաստեղծ քոլեջի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: