ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Վարչական դատավարության» օրենսգրքում և «Վարչարարության հիմունքների, վարչական վարույթի» օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ շինարարական թույլտվությունների հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը:
«Շուրջ 60 շինթույլտվություն է կասեցվել, որտեղ մոտ 450 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում է այժմ սառած: Միայն Երևանում 125 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում: Եվ նման իրավիճակում այս օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտ է: Առաջարկում ենք՝ այն ակտերի վիճարկման դեպքում, երբ վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը՝ կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք: Վարչական ակտի կասեցումը արվի միայն միջնորդության դեպքում՝ դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում»,- ասաց փոխնախարարը:
Փոփոխությունն ընդունվելու դեպքում նախատեսվում է, որ կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի և կողմերն իրավունք կունենան դատարանին ներկայացնել կասեցնելու միջնորդություն, եթե օրենքով սահմանված հիմքերն առկա են: