Հունահռոմեական ոճի ըմբշամարտը դուրս չի մնա «Փարիզ-2024-ի» ծրագրից՝ հայտարարել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը:
Լալովիչը շեշտել է, որ UWW-ի անդամ, Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Նամիկ Ալիևի խոսքերը, թե ՄՕԿ-ը բացառելու է հունահռոմեական ոճի ըմբշամարտը օլիմպիական ծրագրից, գուցե լավ չեն վերծանել, քանի որ ՄՕԿ-ը նման մտադրություն չունի, ավելին՝ UWW-ն և ՄՕԿ-ը սերտորեն համագործակցում են ըմբշամարտ մարզաձևի հարցում, և ամեն ինչ արվում է դիտարժան պայքար, մեծ և արդար մրցակցություն ապահովելու համար: Լալովիչը նաև ընդգծել է, որ ըմբշամարտը դեռ երկար տարիներ կմնա Խաղերի ծրագրում:
Հիշեցնենք, որ 2013 թվականին ՄՕԿ-ը հայտարարել էր, որ 2020 թվականին կբացառի ըմբշամարտն Օլիմպիական խաղերի ծրագրից, քանի որ այն հեռացել էր օլիմպիական գաղափարներից: Սակայն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ Լալովիչը արմատապես փոխեց ֆեդերացիայի գործելավոճը, անգամ՝ անունը: Ըմբշամարտը ամենահին մարզաձևն է Օլիմպիական խաղերում: Այն ներկայացված է եղել նաև ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերում՝ 1896 թվականին Աթենքում: Պատմության մեջ ըմբշամարտը 1 անգամ են բացառել խաղերից, և դա եղել է 1900 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերում:
2024 թվականին Փարիզը պատրաստվում է երկրորդ անգամ ընդունել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը: Նախատեսվում է, որ այն տեղի կունենա հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: