Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաս Պանագիոտոպուլոսը կոշտ հայտարարություններ է արել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Անկարայի գործողությունների ֆոնին։
Պանագիոտոպուլոսը հեռուստաեթերի ժամանակ, պատասխանելով հաղորդավարի այն դիտարկմանը, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հունաստանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, ասել է․ «Ե՛վ ես, և՛ Հունաստանի կառավարությունն ասել ենք, որ շանտաժի, կամ երկրի ինքնիշխանության իրավունքների նկատմամբ ոտնձգությունների պայմաններում չի կարող երկխոսության կոչ արվել։ Մենք նման երկխոսություն չենք ուզում»։
Նախարարը նկատել է, որ այն պարագայում, երբ իր երկիրը հավատարիմ է մնում միջազգային իրավունքին, Թուրքիան իրեն բռնավորի պես է պահում։
Պանագիոտոպուլոսը զգուշացրել է, որ եթե Թուրքիան շարունակի հունական Կրետե կղզու հարավային ջրերում իրականացվող նավթի ու գազի հետախուզական հորատումները, իրենք դա կընդունեն որպես Հունաստանի ինքնիշխանության իրավունքի խախտում և չեն հանդուրժի այդ գործողությունները։