Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ստեփանակերտում բնակվող 96-ամյա Արմիկ Բաբայանին: 75 տարի առաջ՝ 1945 թվականի նույն օրը, Արմիկ Բաբայանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ ԽՍՀՄ տարած հաղթանակի կապակցությամբ Մոսկվայի «Կարմիր հրապարակում» կազմակերպված հանդիսավոր շքերթին:
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերանին հաղթանակի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել մեծագույն սխրանքների միջոցով ներկա սերնդին ազատություն և խաղաղ երկինք պարգևելու համար:
Արմիկ Բաբայանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մսմնա գյուղից է: Պարգևատրվել է՝ «1941-1945 թթ. Գերմանիայի նկատմամբ և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար», «Մարտական ծառայության համար» մեդալներով և Կարմիր աստղի շքանաշանով:
ԱԺ նախագահը հետաքրքվել է պատերազմի վետերանի սոցիալական պայմաններով և վստահեցրել, որ պետության ուշադրությունն առավելագույնս ողղված է լինելու լինելու նրանց արժանապատիվ սոցիալական պայմանների ապահովմանը: