ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին և դրանից հետո ստեղծված իրավիճակին:
«Իրավապահ մարմինները որոշակի նյութեր նախապատրաստել են: Սմբատ Գոգյանը նույնպես հրավիրվել է: Դրանից առաջ Գոգյանը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, բայց հետո հրաժարվել էր հանցագործության մասին հայտարարություն տալուց»,-ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ նրա տված հայտարարության հիման վրա իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, քանի որ հովանավորչության մասով բավարար ապացույցներ չէին եղել: «Այսինքն` հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալուց: Սրանից եզրակացություն արեք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Դիտարկմանը ի պատասխան` եթե վարչապետը չստորագրի հրաժարականի դիմումը, և նա շարունակի պաշտոնավարել, Ա.Հարությունյանն ասաց՝ իր կարծիքը նրա հայտարարությունների հետ կապված արդեն ասել է, իսկ մնացածը՝ հետագա հնարավոր զարգացումների դեպքում: