Գյուղական համայնքներում բնակվող ընտանիքները կունենան երեխայի խնամքի կրկնակի նպաստ ստանալու հնարավորություն: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 90 կողմ ձայնով, ընդունեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների օրենսդրական նախագիծը:
Նախագծով առաջարկվում է, որ գյուղական բնակավայրերում բնակվող մինչև երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքները ևս խնամքի նպաստ կստանան: Դա կարվի՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո:
Հիշեցնենք, որ նախագծով եթե գյուղական բնակավայրում բնակվող ծնողը նաև վարձու աշխատող է, գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա կստանա կրկնակի նպաստ: Այսինքն՝ 26 500 դրամ՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ընտանիքին, 26 500 դրամ էլ՝ որպես գյուղական բնակավայրում բնակվող մինչև երկու տարեկան երեխա խնամող ընտանիքին: