Գերմանիայի բնակչությանը սպառնում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր անսպասելի բռնկում, որը կարող է աննկատ սկսվել: Իրադարձությունների նման զարգացում է կանխատեսել վիրուսաբան Քրիստիան Դրոստենը՝ հաշվի առնելով հիվանդության տարածման նոր դեպքերը:
«Կարծում եմ, որ երկու ամսից մենք խնդիր կունենանք, եթե կրկին չսկսենք ահազանգել»,- ասել է գիտնականը:
Դրոստենի խոսքով՝ պետությունը և հասարակությունը պետք է զգոն լինեն և զգույշ՝ հիվանդության նոր ալիքից խուսափելու համար: Նա ներկայացրել է ԱՄՆ հարավային նահանգների օրինակը, որտեղ շատ շուտ վերացվեցին սահմանափակումները, և օդի բարձր ջերմաստիճանը չխանգարեց վիրուսի տարածմանն ու հանգեցրեց «սարսափելի իրավիճակի»:
Մեկ օր առաջ էլ կորոնավիրուսի նոր ալիքի մասին հաղորդեցին Հարավային Կորեայում: Գիշերային ակումբների բացումից հետո գրանցվել է հիվանդության հերթական բռնկումը: Սեուլի իշխանությունները քննարկում են համաճարակի դեմ պայքարի կարանտինային միջոցառումները վերականգնելու հարցը:
COVID-19-ի նոր բռնկում է նկատվել Իսրայելում, կարանտին է հայտարարվել մի շարք քաղաքներում ու շրջաններում: Իսրայելում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակի 459 նոր դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 22-ից հետո:
Կորոնավիրուսի վարակի դեպքերի աճն այստեղ կապում են դպրոցների, ձեռնարկությունների, ռեստորանների, բարերի, զբոսաշրջային վայրերի վերաբացման հետ: