ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հրայր Թովմասյանի երեկվա հայտարարությանը, թե ամոթի զգացում ունի խորհրդարանում տեղի ունեցածի համար և առոչինչ իրավական ակտերով գործընթացները չի մեկնաբանում, ասաց.
«Եթե անձը գտնում է՝ որևիցե սուբյեկտի մեջ ոչ իրավաչափ տարրեր կան՝ պետք է դիմի իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է ամոթի զգացմանը, ապա ամոթի զգացում շատ մարդիկ շատ այլ տեղերում պետք է ունենային»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրի իրավունքն է՝ սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության գործիքներին՝ այդ թվում ՄԻԵԴ: Ասաց՝ ՍԴ դատավորների իրավունքը որևիցե մեկը չի կարող սահմանափակել:
«Խնդրեմ՝ դիմեք՛, սպառեք ներպետական պաշտպանության ատյանները, գնացեք ՄԻԵԴ, ստացեք որոշում: Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում՝ ՀՀ-ն կպարտավորվի այդ խախտումը վերացնել, եթե չարձանագրի, ապա հարցը կհամարվի փակված: Այս պարագայում ինձ ամենաշատը դուր չի գալիս այն, որ սա դիտարկվում է որպես սպառնալիք»,- ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններին, Վարդանյանն ասաց՝ երբ տիկին Գյուլումյանին անհրաժեշտ է, որ այդ պաշտոնն անընդհատ դիտարկվի՝ աշխատավարձի, թոշակի հետ կապված, համարում է որպես անընդհատ պաշտոն, իսկ երբ անհրաժեշտ չէ կամ ձեռնտու չէ, Գյուլումյանը դիտարկում է որպես ընդհատած պաշտոն:
Եթե անձը պաշտոնավարել է X ժամանակահատված, այդ ժամանակահատվածն ընդհանուր առմամբ կազմում է 12 տարուց ավելի, ապա անձի լիազորություններն այդ պահին դադարեցվում են: Անձը ՍԴ դատավորի պաշտոնում կարող է պաշտոնավարել մեկ մանդատով 12 տարի, իսկ Գյուլումյանն, ըստ պատգամավորի, պաշտոնավարել է ավելի քան 12 տարի:
Վարդանյանը նաև ընդգծեց, որ ՍԴ բոլոր դատավորները պետք է հավակնեն այն բոլոր սոցիալական երաշխիքներին, որոնք սահմանվում են օրենքով: Ասաց՝ այն դեռևս չի նշանակում, որ տարբեր տեսակի մանիպուլյացիաների միջոցով մարդը պետք է փորձի իր կարգավիճակի ուրույն ձևակերպում տալ: