Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի պատասխանատուներին՝ վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի գլխավորությամբ:
Շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքի, բերքահավաքի աշխատանքների և հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին համապարփակ զեկուցմամբ հանդես է եկել շրջանի վարչակազմի ղեկավարը:
Երկրի ղեկավարը նշել է, որ տարածքային կառավարման արդյունավետության բարձրացման և համաչափ զարգացման նպատակով շրջանների պատասխանատուների հետ հանդիպումների ընտրված ձևաչափը հնարավորություն է ընձեռում առկա հարցերը քննարկելու և կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:
Այս համատեքստում հանրապետության նախագահը հանձնարարել է Մարտունու շրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու համար ընթացիկ տարում պետական բյուջեից լրացուցիչ հատկացնել 100 մլն ՀՀ դրամ, ևս 50 մլն ՀՀ դրամ՝ շինանյութերի ձեռքբերման համար:
Լրացուցիչ 100 մլն ՀՀ դրամ կուղղվի շրջանի համայնքներում սալապատման ծրագրի իրականացմանը, իսկ շինաշխատանքների ընթացքում առաջացող հրատապ խնդիրների լուծման համար «Վարանդաշին» ընկերությանը կտրամադրվի մինչև 150 մլն ՀՀ դրամի չափով վարկ:
Նախագահն ընդգծել է, որ հատկացվող միջոցների ուղղությամբ սահմանվելու է պետական խիստ վերահսկողություն, և խախտումների հայտնաբերման դեպքում օրենքի առջև պատասխանատվության կրումը լինելու է անխուսափելի:
Ոռոգման ջրի խնդրի լուծման համար Արայիկ Հարությունյանն առաջարկել է կարճ ժամանակահատվածում ներկայացնել խորհրդային տարիներին կառուցված արտեզյան չգործող ջրհորների ցանկը՝ հավաստիացնելով, որ դրանց վերագործարկման համար կտրամադրվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բնակարանաշինությանը վերաբերող հարցեր: Նախագահի հանձնարարությամբ սոցիալական տարբեր ծրագրերով առաջիկայում շրջանի տարբեր համայնքներում կսկսվեն մեկ տասնյակից ավելի առանձնատների կառուցման աշխատանքները, ինչպես նաև կուսումնասիրվի Մարտունի քաղաքում նոր բազմաբնակարան թաղամասերի կառուցման հնարավորությունը:
Խորհրդակցությանը մասնակցել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: