«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
«Գույքային հարկերի համակարգի վերանայման քաղաքականությունը՝ որպես նպատակ ունենալով տեսանելի հարստությունը և ունեցվածքը ավելի համարժեք հարկելը, նախանշված են այնպիսի հիմնարար փաստաթղթերով, ինչպիսիք են Կառավարության ծրագիրը, պետական ֆինանսերի կառավարման համակարգի 2019-2020 թթ. բարեփոխումների ռազմավարությունը և հայեցակարգը»,- ասաց փոխնախարարը:
Ի՞նչն է խանգարում եղած օրենսդրությամբ հարցը կարգավորելու մասին հաիցին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ գույքային հարկերի հարկման բազան էականորեն շեղված է դրանց շուկայական արժեքներից և խիստ թերագնահատված է:
«Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ գործնականում ՀՀ-ում գույքային հարկերի ներուժը գրեթե չի օգտագործվում: Եթե խոսելու լինենք ամփոփ ցուցիչներով, բավական է միայն նշել, որ մեզանում անշարժ գույքի միավորներից հավաքագրվող գույքային հարկերի կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 0.2%: Այն պարագայում, երբ միևնույն տնետեսական միության մեջ գնվող համադրելի և ոչ այնքան համադրելի երկրների նույն ցուցանիշը բազմապատիկ ավելի բարձր է: Օրինակ Վրաստանում կազմում է 1.1%»,- նշեց փոխնախարարը:
Նախագծով առաջարկվում է միավորել հողի և դրա բարելավումների հարկման բազան: Ներկայումս հողի համար առանձին օբյեկտ է սահամնաված, առանձին բազա, առանձին դրույքչափեր, հետևաբար՝ հաշվարկվում է առանձին հարկ, բարելավումների համար էլ սցենարը նույնն է: Արդյունքում՝ երկու հարկերը գումարվում են որպես անշարժ գույքի միասնական հարկ: Մյուս փոփոխությունը սանդղակավորման վերանայումն է: Առաջարկվում է նաև վերացնել չհարկվող շեմը և համակարգի ներդրումը սահուն իրականացնելու համար այն նախատեսվում է ներդրնել 4 հաջորդական տարիների ընթացքում՝ խուսափելով հարկային բեռի կտրուկ բարձրացումից:
Պողոսյանը նշեց, որ Հարկային օրենսգրքով ամրագրված է մի կանոն. այն պահից, երբ գույքային միավորների կադաստրային արժեքի հաշվարկման մեթոդաբանությունը կվերանայվի, այդ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից կվերանայվի նաև հարկման բազան: Այդ օրենքն ընդունված է 2019-ի նոյեմբերի 19-ին, և նախատեսվում է, որ ուժի մեջ է մտնելու 2021-ի հունվարի մեկից: