Խորհրդարանն այսօր 88 կողմ ձայնով հավանության արժանացրեց «ՀՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Հիշեցնենք, որ վարկային միջոցի ներգրավումն հնարավորություն է տալու կյանքի կոչել Կառավարության ներկայացրած և Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեի օրենքում փոփոխությունները:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Վարչական դատավարության» օրենսգրքում և «Վարչարարության հիմունքների, վարչական վարույթի» օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր՝ այն ակտերի վիճարկման դեպքում, երբ վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը, կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք: Վարչական ակտի կասեցումն արվի միայն միջնորդության դեպքում՝ դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում:
Դատական օրենսգրքում և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը ևս խորհրդարանն ընդունեց:
Հիշեցնենք, որ նախագծով սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատավորների ցանկից ընտրել դատավորների, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր:
ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախագծին և նիստում քննարկված մյուս նախագծերին: