«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստանի»՝ ՍԴ դիմելու ստորագրահավաքին. այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ իրենք այդ օրենքը ՍԴ-ում կվիճարկեն հուլիսի 7-ից հետո, երբ ՍԴ-ն քննարկի մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դիմումը:
«Էս հարցով զբաղվողները պնդում են, թե իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, և դա կապված է ՍԴ-ում քննվող մեկ գործի հետ՝ երկրորդ նախագահի գործի: Մենք մինչ այս պահը որևէ ձևով չենք արձագանքել նման պնդման: Հենց այն օրը, որ օրը ԱԺ-ն քննարկում էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ նիստ է արել և որոշել է՝ երկրորդ նախագահին առնչվող գործը կքննեն հուլիսի 7-ին: Մենք դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք: Դիմումի վրա կաշխատենք մինչև այն պահը մինչև այդ գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդրների հետ կապված հակասահմանադրական ճանաչելու դիմում»,-նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ իրենց կարծիքով նախագծով ոչ թե երեք, այլ երկու դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել:
«Մեր մոտեցումը եղել է այն, որ իրենց գործողությունը պետք է աներկբա, զուլալ մնա իրավական՝ որևէ ձևով չպետք է ծառայի գործող իշխանության շահերին կամ նախկին իշխանությանը: Որոշումն այս ձևով է ընդունվել»,- շեշտեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որի համաձայն կդադարեցվի ՍԴ նախագահի և երկու անդամի պաշտոնավարումը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ նախաձեռնում է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: ԲՀԿ-ն դիմել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ ստորագրահավաքին միանալու համար: