ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր կասեցրել են երկրում գործող սննդի շղթայի մի շարք օպերատորների գործունեությունը. կասեցվողների ցանկում բոլորիս հայտնի տնտեսվարողներ են:
Մասնավորապես՝ 72 ժամով կասեցվել է Երևանի օղակաձև զբոսայգում գտնվող «ՄուզԿաֆե» սրճարանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերը խախտելու համար:
24 ժամով դադարեցվել է նաև Երևանի Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատանքը. այստեղ թերի է իրականացվել աշխատակիցների ջերմաչափումը, նրանցից ոմանք դիմակ չեն դրել, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, դրամարկղերի մոտ մարդկային կուտակումներ են եղել՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը:
ՍԱՏՄ կողմից իրականացվող ստուգայցերի խոշորացույցի տակ այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային սննդի կետերը, խանութներն ու արտադրական կազմակերպություններն էին:
Մի շարք տնտեսվարողների մոտ կրկնայցեր էին: Դրականորեն արձանագրվել է, որ նախկինում խախտումներ թույլ տված և մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված այդ ընկերություններում բոլոր թերացումները վերացվել են:
ՍԱՏՄ մասնագետների «Կարավել» ռեստորան կատարած անակնկալ այցն այդ հանրային սննդի կետում արձանագրել է մարդկային կուտակում՝ 80-100 հոգանոց միջոցառման տեսքով: Խախտումն արձանագրվել է և կներկայացվի պարետատուն:
Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:
Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին: