ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում դժգոհեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը արտակարգ դրության պայմաններում արտահերթ ռեժիմով քննարկելու կապակցությամբ:
Պատգամավորը նշեց, որ նախագծով գլխավոր շահառուն Երևանի քաղաքապետարանն է, որը, սակայն, դեռ չի հասցրել կարծիք հայտնել:
«Գույքահարկը նախագծով բարձրանում է 3-4 անգամ, քանի որ մոտարկում ենք շուկայական արժեքին: Աներկբա է, որ չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում: 580 հազար նոր գույքային միավոր դառնում է հարկատու: Էդ 3 միլիոնանոց գո՞ւյքն է տեսանելի հարստություն»,- նշեց Թանդիլյանը:
Ըստ պատգամավորի՝ պետք է պարտադիր սահմանվի չհարկվող շեմ՝ առնվազն մինչև 10 միլիոն դրամ արժեքով գույքի դեպքում, իսկ 200 միլիոնից ավելի արժեք ունեցողը հարկվի ավելի բարձր տոկոսով: