Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում աննախադեպ թվով՝ 104 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվելու՝ տեղեկացնում են մարզպետարանից։
Կոտայքի մարզից Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված 104 ծրագրային հայտերից արդեն հաստատվել են շուրջ 60-ը, մյուսները կքննարկվեն առաջիկա օրերին:
Կոտայքի մարզպետն անհրաժեշտ է համարում մեր հայրենակիցներին և, մասնավորապես, կոտայքցիներին ներկայացնելու ծրագրերի այն ահռելի քանակը, որն ուղղվելու է մարզի համայնքներում կենսական, տնտեսական, սոցիալական կարևորության խնդիրների արագ և արդյունավետ լուծմանն ու ամենակարճ ժամկետներում մարզի բացառապես բոլոր բնակավայրերում կյանքի որակի փոփոխությանը, նշված է մարզպետարանի հաղորդագրությունում։
Մարզպետարանից տեղեկացնում են, որ շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ ուղղվելու է մարզի մի քանի տասնյակ համայնքներում շուրջ 35 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված ճանապարհների, փողոցների և բակերի նորոգմանը, ասֆալտապատմանն ու բարեկարգմանը։
· Հրազդան համայնք - Արդեն հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվելու են մարզկենտրոնի ներհամայնքային ճանապարհներ Կենտրոն, Միկրոշրջան, Հարավային, Ջրառատ թաղամասերում՝ շուրջ 278.075.846 դրամ արժողությամբ.
· Աբովյան համայնք - Հաստատված 2 ծրագրերի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները՝ 654.627.050 դրամ արժողությամբ։
· Ծաղկաձոր համայնք - Սուբվենցիոն 4 ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու են ներհամայնքային ճանապարհներ, կապիտալ վերանորոգվելու են որոշ փողոցների մայթեր, կառուցվելու են հենապատեր՝ 286.855.960 դրամ արժողությամբ:
· Եվս 26 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու և բարեկարգվելու են Եղվարդ, Բյուրեղավան, Ակունք, Լեռնանիստ, Սոլակ, Մեղրաձոր, Առինջ, Գողթ (դպրոց տանող ճանապարհ), Բալահովիտ, Արզնի, Կամարիս, Գեղարդ, Թեղենիք, Նոր Արտամետ, Գետամեջ, Նոր Երզնկա, Նոր Գեղի, Պռոշյան, Քանաքեռավան, Քարաշամբ համայնքների և Բուժական Կապուտան, Կոտայք, Մարմարիկ բնակավայրերի համայնքային ճանապարհները: