«Շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը նվազում է: Այսինքն՝ նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ն ավելի փոքր է, քան 2020-ի համար հաշվարկվող հարկը, սակայն հանրագումարում մենք կանխատեսում ենք ունենալ դրական էֆեկտ:
Այսինքն՝ եթե հարկային ներուժը 2020-ին գնահատվում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այդ նվազումներով հանդերձ՝ 2021-ին այն կլինի շուրջ 9.5 միլիարդ դրամի շրջանակում»,- նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Փոխնախարարը չբացառեց, որ կլինեն նաև համայնքներ, որտեղ նախագծի ազդեցությունը կլինի բացասական: Ըստ նրա՝ հանրագումարային արդյունքի դրական լինելու շնորհիվ, սակայն, կփորձեն համահարթեցումը իրականացնել բյուջետային գործընթացի շրջանակներում սուբսիդիաների գործիքի օգնությամբ:
Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ մեծ ծավալի վերլուծական աշխատանքներ են կատարվել, ուսումնասիրվել են բոլոր խմբերի գույքային միավորները: Խոսքը շուրջ մեկ միլիոն 280 հազար գույքային միավորի մասին է՝ բնակելի, արտադրական, հասարակական նշանակության գույք, ավտոկայանատեղիներ, կառուցապատման ենթակա հողեր և այլն: