Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած «ՀՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասաց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացան համաշխարհային տնտեսության շոկեր, ինչպես նաև ներքին տնտեսությունում սահմանափակումներ, որոնք իրենց ազդեցությունն ունեցան մի շարք ոլորտներում:
«Ճեղքի փակման հնարավորությունները հասկանալու համար առաջին հնարավորությունը դիտվել է ներքին աղբյուրների հաշվին հարկելու հնարավորությունը, որը գնահատվել է 50 միլիարդ դրամի կարգի, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հնարավորությունները տարվա համար գնահատվում է մոտ 160 միլիարդ: Անհրաժեշտություն առաջացավ դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին, որպեսզի կարողանանք ստանալ այդ միջոցները՝ բյուջեի ֆինանսավորումը կայուն ապահովելու համար»,- ասաց նախարարի տեղակալը:
Հիշեցրեց, որ մայիսի 18-ին տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի նիստ և հաստատվել է Հայաստանին վարկավորում տրամադրելու որոշումը: «Ըստ այդ որոշման, քանի որ մենք օգտվում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի կանխարգելիչ վարկային համաձայնագրից, մենք հնարավորություն ունեինք միջոցները վերցնելու, բայց չէինք վերցնում և պայմանավարովածությունը վարկային այնպիսին էր, որ դա կարող ենք վերցնել անհրաժեշտության դեպքում»,- ասաց նախարարի տեղակալն՝ ընդգծելով, որ այս վարկային միջոցի ներգրավումն ուղղակի հնարավորություն է տալիս կյանքի կոչել Կառավարության կողմից ներկայացված և Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեի օրենքում փոփոխությունները: Ասաց՝ սա այն ֆինանսական հենարանն է, որը հնարավորություն կտա անխափան իրականացնել բոլոր ֆինանսական հնարավորությունները: