Ազգային ժողովում քննարկվում է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է, որ գյուղական բնակավայրերում բնակվող մինչև երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքները ևս խնամքի նպաստ կստանան: Դա կարվի՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո:
«Այսօր ունենք բավականին կոշտ կարգավորումներ երեխայի ծննդյան, խնամքի նպաստի հետ կապված, և այս նախագծով մենք որոշակիորեն այդ կարգավորումներն ազատականացնում ենք՝ անձանց հնարավորություն տալով ավելի արդյունավետ իրականացնել իրենց իրավունքները»,- ասաց նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ եթե գյուղական բնակավայրում բնակվող ծնողը նաև վարձու աշխատող է, գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա կստանա կրկնակի նպաստ: Այսինքն՝ 26 500 դրամ՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ընտանիքին, 26 500 դրամ էլ՝ որպես գյուղական բնակավայրում բնակվող մինչև երկու տարեկան երեխա խնամող ընտանիքին: