ՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ շարունակում է մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Այսօր՝ հունիսի 23-ին, մշտադիտարկվել են Ավան վարչական շրջանում գործող կանոնավոր երթուղիներում շահագործվող և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։
Հայտնաբերվել են ՀՀ պարետի կողմից տրված ցուցումների և անվտանգության կանոնների պահպանման խախտումների դեպքեր։
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված դիտարկման արդյունքում արձանագրվել են միայն ախտահանիչ հեղուկի բացակայության դեպքեր, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ տրանսպորտային միջոցի առջևի նստատեղին ուղևորի առկայություն, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։
Հայտնաբերված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախտման վերաբերյալ արձանագրություններ։
Վերահսկողությանը զուգահեռ տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ պարետի կողմից սահմանված անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և հակահամաճարակային միջոցառումները պատշաճ կերպով կատարելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։