«Այն Սահմանադրությունը, որը գործում է, այնտեղ գրված չէ, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերելու են Սահմանադրական դատարանին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հրայր Թովմասյանը:
Հրայր Թովմասյանի խոսքով, սակայն, կա իրավունքի սկզբունք, որ առոչինչ իրավական ակտերին անձն իրավունք ունի չենթարկվելու:
«Ես երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար որպես իրավաբան, Սահմանադրության հեղինակներից մեկը՝ պարզապես ամոթի զգացողություն ունեմ: Հայաստանում նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք»,- ասաց Թովմասյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի ստորագրահավաքին ու «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի հայտարարությանը, թե իրենք նման լիազորություն չունեն, Թովմասյանն ասաց. «Ես ոչ էդմոն Մարուքյանի խորհրդատուն եմ, ոչ էլ «ԱԺ կանոնակարգ» օրենքի փորձագետ եմ, որպեսզի հիմա իրենց խորհուրդ տամ կամ ասեմ՝ ոնց են դիմում, ոնց հասկանան»:
Թովմասյանը նաև հայտարարեց, որ ՍԴ-ն նման փաստաթուղթ չի ստացել, ըստ որի ինքը պետք է զրկվի պաշտոնից և շարունակի աշխատել որպես դատավոր, հետևաբար շարունակելու է աշխատանքի գալ:
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցն օրակարգ ընդգրկվեց արագացված կարգով հարցին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց. «Սահմանադրության 56-րդ հոդվածն ասում է, որ գործը վերսկսվում է կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո: Կասեցման երկու հիմք կար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները: Մեկը հրապարակվել է ամսի 28-ին, մյուսը՝ ամսի 18-ին: Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի հետ կապված Սահմանադրական դատարանի աշխատանքը ևս հեռավար է, տեղեկացվել եմ ամսի 19-ի երեկոյան: Դա ուրբաթ օր էր, ես ե՞րբ պետք է ընդգրկեի, եթե ոչ առաջին իսկ նիստին, իսկ առաջին նիստը երկուշաբթի էր»:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը արտահերթ նստաշրջանի ժամանակ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի կդադարեցվի ՍԴ երեք անդամի պաշտոնավարումը, չորս անդամները կշարունակեն պաշտոնավարել, ՍԴ նախագահի լիազորությունները կդադարեցվեն, Հրայր Թովմասյանը կշարունակի գործել որպես ՍԴ անդամ: