Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ գործունեությունը համակարգող բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը եղել են Վանաձորի Ուկրշին տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից տուժած ընտանիքների կարիքների գնահատման նպատակով:
Մարզպետարանի պաշտոնյաների առաջարկությամբ նրանց են միացել նաև Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ: Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով և քաղաքացիների հետ զրույցից պարզվել է, որ սելավաջրերի առատ հոսքից առավել շատ տուժել են չորս ընտանիքների պատկանող տնակները, որոնք տեղակայված են ոչ բարենպաստ դիրքում:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին խնդրի ներկայացումից հետո որոշում է կայացվել՝ մարզպետարանը կաջակցի ընտանիքներին հեղեղի առաջացրած խնդիրների մեղմման ու վիճակի կայունացման հարցում: