«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ գործընկերների՝ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի և Ծովինար Վարդանյանի հետ միասին շրջանառության մեջ են դրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագիծը:
Հայրապետյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը: «Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը:
Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017 թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների կողմից հավաքագրված էնդաումենթների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 600 մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում ենք կանոնակարգել՝
1) էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը.
2) էնդաումենթի կազմակերպաիրավական տեսակը և իրավական վիճակի առանձնահատկությունները.
3) էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը.
4) էնդաումենթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները.
5) էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային արտոնությունների կիրառումը.
6) էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը»,- գրել է Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում: