ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարից: Նրա խոսքով, այս իրավիճակն առիթ է՝ առողջապահական համակարգի զարգացման համար:
«Հիմա մեծացվում են առողջապահական հզորությունները, որոնք հետագայում օգտագործվելու են այլ հիվանդությունների դեմ պայքարի համար: Առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից, չնայած որ դրա մեջ դրվելու են մարդկային կյանքեր, ճակատագրեր, մարդկային էներգիա և ժամանակ»,- ասաց Թորոսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատողի մահվան դեպք է արձանագրվել: «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- շեշտեց նախարար Թորոսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, նա շեշտեց, որ առողջապահական համակարգը շարժվում է աշխարհում եղած ապացուցողական բազայի վրա, որը պարբերաբար թարմացվում է: Նա խոսեց նաև միջազգային համագործակցության մասին: «Կան բժշկական դպրոցների առանձնահատկություններ, բայց լինելով ընդհանուր գիտության, մասնագիտության կրող, հեշտ է եղել հասկանալ ֆրանսիացի, լիտվացի, ռուս գործընկերներին, ավելին՝ բազմաթիվ տեղերից լսում եմ, որ փորձի փոխանակումը երկուստեք եղել է շատ հետաքրքիր, տարբեր երկրների բժիշկների փորձը հաշվի առնելով»,- ասաց Թորոսյանը:
Ըստ նրա, առողջապահական համակարգի նկատմամբ ուշադրությունը շեշտակի աճել է, «Գիտակցում, որ առողջապահությունը կարևոր է ու կարևոր է լինելու՝ կա»,- ասաց Թորոսյանը: