«Հավատացեք՝ մեկ այլ զգացողություն է, երբ թուլացած շնչառություն ունեցող կորոնավիրուսով հիվանդի կարգավորված շնչառությունն ես լսում: Այսօր այդ օրերից էր»,- ուրախությամբ ասում է բժշկուհի Սոնան: Օրեր առաջ էլ 13 օրական փոքրիկին էր ամուր գրկել: Հաջողվել էր կորոնավիրուսով վարակված ամենափոքր պացիենտին կրկնակի թեստը բացասական ստանալուց հետո տուն ճանապարհել: «Երբ իմացա՝ բացասական էր պատասխանը, շատ ոգևորված մայրիկին տեղեկացրի ու հատուկ իրեն ճանապարհելու համար հագել եմ նոր արտահագուստ ու ճանապարհել եմ»,- ուրախությամբ հիշում է բժշկուհին:
1lurer.am-ի հետ զրույցում բժշկուհի Սոնա Եգանյանը պատմում է՝ երբ լսել է առողջապահության նախարարության հայտարարությունը, որ բժիշկներ են անհրաժեշտ, դիմել է որպես կամավոր աշխատանքներում ընդգրկվելու համար: Ասում է՝ ՔՈՎԻԴ-19-ով վարակվածների բուժման գործընթացում ընդգրկվելուց առաջ մեկ ամիս էլ վերապատրաստում է անցել ու նոր ներգրավվել աշխատանքներին: Այժմ աշխատում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին կից «Ռեժինե» հյուրանոցում, որտեղ կորոնավիրուսով վարակակիրներն են այժմ բուժվում:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում 2020 թ. ապրիլի 13-ին կատարված փոփոխությունների համաձայն` արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով Կառավարության 2020 թ. մայիսի 21-ի թիվ 806-Ն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները կարող են ներգրավվել անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում:
ԱՆ անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպիչ Մերի Կատվալյանը 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համաձայն այդ կարգի` առողջապահության նախարարությունը գնահատում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բնակչության բուժօգնությունն իրականացնելու համար անհրաժեշտ մարդկային ներուժի կարիքը, հավաքագրում բուժաշխատողներին և ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին` նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա:
«Հայտարարված պահանջները բավարարող դիմումատուների համար նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում: Վերապատրաստման դասընթացներն անցնելուց հետո թույլատրվում է բուժաշխատողների և ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումը բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում»:
Ավարտական կուրսերի կլինիկակական օրդինատորներն ըստ առաջնահերթության են վերապատրաստում անցնում՝ անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա, վարակաբանություն, ներքին հիվանդություններ, թոքաբանություն, ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատորները:
«Բուժական գործ» մասնագիտությամբ որակավորում ստացած և կլինիկական մասնագիտություններով օրդինատուրայի ավարտական կուրսերի օրդինատորները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու գործընթացում ընդգրկվում են կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-վարակաբանի կամ բժիշկ-թերապևտի հսկողության տակ: «Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի օրդինատորները` կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հսկողության տակ»:
Նա հայտնեց նաև, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու գործընթացում մինչ այս պահը ընդգրկված կլինիկական օրդինատորների թիվը 118 է, որից անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ` 22-ը: Բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ծառայությունների դիմաց վարձատրությունը կազմակերպվում է ժամկետային աշխատանքային պայմանագրերի հիման վրա: Արդեն մեկ ամիս է՝ նման պայմանագրով էլ աշխատում է բժշկուհի Սոնա Եգանյանը:
Նախորդ տարի ԵՊԲՀ-ն ավարտած մանկաբույժն ասաց. «Ցանկացած օգնող ուժի կարիքն էլ կա, կլինի օրդինատոր թե նորավարտ: Այսօր այդ իրավիճակն է, երբ մեր բժիշկներին օգնողներ են պետք: Ես մեկ ամիս է տուն չեմ գնացել, բայց ինձ հետ աշխատող բժշկուհիները՝ Հասմիկ Օհանյանը, Հայկուհի Այվազյանն արդեն չորս ամիս է՝ ընտանիքից հեռու են: Ուժասպառ են, բայց փորձում են գիշերուզօր անել ամենը, ինչն անգամ իրենց ուժերից վեր է: ՉԷ՞ որ բժշկի մասնագիտությունը հենց այն է, երբ կարողանում ես օգնել, լավ արդյունք տեսնել»,- ասաց բժշկուհին: Որպես նեղ մասնագետ՝ մանկաբույժն ասաց, որ հիմնականում փոքրիկների բուժմամբ է զբաղվում, ու տպավորիչն այն է, որ երեխաները կորոնավիրուսի վարակը համեմատաբար ավելի թեթև են տանում, ու ապաքինման արդյունքն արագ են արձանագրում: Շեշտեց՝ յուրաքանչյուր երեխային վերադարձնելն իր առօրյա ակտիվ, չարաճճի կյանք, մեծ ձեռքբերում է: