«Ես փողոցից չեմ եկել էս շենք: Էս շենք ես 1997 թվականին եմ եկել ԱԺ-ի ընտրությամբ և ամենաշատ ձայներն եմ հավաքել: 2005-ին իմ ժողովուրդը հաստատել է, որ «Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչով 1997-ին քեզ նշանակել ենք»: Պայմանը շատ պարզ է եղել՝ բոլորս մինչև 70 տարի: 2015-ին ժողովուրդը եկել է, հանրաքվեով նույն պայմանը հաստատել: Թե հիմա ինչի է պառլամենտը ուզում ժողովրդի ասածը վերափոխի՝ իրենց հարցրեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:
ՍԴ անդամը հավելեց, որ նույնանման իրավիճակ է եղել նաև Հունգարիայում, և խորհուրդ տվեց տեսնել, թե Եվրադատարանը ինչ լուծում է տվել հարցին:
«Ես խնդրում եմ՝ հարցի էությունը հասկացեք իմ և մյուս կոլեգաների անհատական, մարդկային տեսակետից: Չի կարելի մի օր քնել, մյուս օրն արթնանալ ու ասել՝ դու դատավոր չես»,- նշեց Թոխյանը:
Ըստ դատավորի՝ հանրաքվեով հարցը լուծելն ամենաճիշտ տարբերակն էր, և այն կարող էր ապրիլի 5-ին տեղի ունենալ: Թոխյանի կարծիքով՝ առանց ՍԴ-ի եզրակացության չէր կարելի հարցը դնել հանրաքվեի, և այդ մասին ասվել է Վենետիկի հանձնաժողովի վերջին կարծիքում:
«Ես 25 տարի ծառայել եմ իմ ժողովրդին, ոչ մի իշխանության չեմ ծառայել»,- նշեց ՍԴ անդամը: