Պաշտպանների գործողություններում առկա է իրավունքի չարաշահում, երբ այդ իրավունքն իրացվում է իրենց դատավարական շահն ապահովելու համար, այն է՝ դատական նիստը ձգձգելը, ապացույցների փուլը բացառելը: Այդ մասին «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ եթե պաշտպանները նշում են, որ մեղադրանքի կողմն է ձգձգում դատավարությունը, ապա պետք է մատնանշեն մի դեպք, երբ իրենք խոչընդոտել են կամ չեն ներկայացել նիստերին: «Հակառակը՝ պաշտպանները մի քանի անգամ դատական նիստերում կրկնել են իրենց միջնորդությունները, դրանք ներկայացրել տարբեր՝ փոքր-ինչ փոփոխված ձևով»,- ասաց Գ.Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե պաշտպանական կողմը պնդում է, որ «գործը ջուր է», դատախազը նշեց. «Երբ կմտնենք դատաքննության փուլ, կտեսնենք՝ ինչն է ջուր և ինչն է ջախջախում»:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելուն, Գ.Բաղդասարյանն ասաց, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց հետո կպատրաստվի բողոք, և կներկայացվի Վճռաբեկ դատարան:
Հուլիսի 7-ին ՍԴ-ն նախատեսում է քննել ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Դատախազը նշեց, որ որևէ հակասահմանադրական դրույթ և իրավական կանխատեսելիության խնդիր չկան: