ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ վերաքննիչ բողոքն այսօր մուտքագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն 2017 թ. ԱԺ ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել և հունիսի 16-ին ԱԺ-ի համաձայնությունը ստանալուց հետո մեղադրանք առաջադրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը: