Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերը և ներհամայնքային առաջին փողոցից դեպի գերեզմանոց տանող ճանապարհը՝ մոտ 250 գծամետր երկարությամբ՝ տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետը Ֆեյսբուքի էջում։
Զովաբերի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, իսկ 7 միլիոն 200 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը:
Զովաբերի առաջին փողոցից գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախնական
ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 50 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 4 միլիոն 950 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը:
Երկու ծրագրերն էլ գյուղի համար ունեն կենսական կարևոր նշանակություն: Գերեզմանոց տանող ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում: Գյուղի համար անչափ կենսական խնդիր է դարձել նաև խմելու ջրի կանոնավոր մատակարարումը: Բավական է նշել, որ խմելու ջուրը բնակչությանը մատակարարվում է օրական 1 ժամ տևողությամբ: Խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը քայքայված կամ մաշված են, համակարգում ջրի կորուստները մեծ չափերի են հասնում: Խմելու ջրատարի արտաքին ցանցում հաճախակի են տեղի ունենում խոշոր վթարներ, որոնց վերացումը ձմռան ամիսներին գրեթե անհնար է դառնում:
Բարվոք վիճակում չէ նաև ներքին ցանցը: Այս ծրագրով նախատեսվում է ներքին ցանցը հիմնանորոգել 1 կիլոմետր երկարությամբ, իսկ մնացած միջոցները ներդնել արտաքին ցանցում առավել վթարված հատվածների հիմնանորոգմանը: Մոտակա տարիներին պետք է համապատասխան միջոցներ գտնենք՝ համայնքի ջրամատակարարման խնդիրը հիմովին լուծելու համար՝ նշել է մարզպետը։