Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշները՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով պետությունը խիստ սահմանափակումներ էր կիրառել: Վարչապետը տեղեկացրեց, որ ապրիլին ՀՀ-ում 71.471 աշխատատեղ է փակվել:
«Վերլուծելով այս և մի քանի այլ տվյալներ՝ եկանք այն եզրակացության, այսինքն՝ վերջնականապես համոզվեցինք, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև եթե միայն ու միայն կենտրոնանանք առողջապահական սեգմենտի վրա, տնտեսական անկում չէ, փլուզում կունենանք»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ամեն ամսվա 20-ին ներկայացվում են նախորդ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունները: Ըստ այդմ՝ մայիսի տվյալներով Հայաստանում վերականգնվել է 50.094 աշխատատեղ:
«Աշխատատեղերի վերականգնման պրոցեսը ըստ էության շարունակվում է, և սա թերևս վերջին շրջանում մեր ունեցած ամենակարևոր լուրն է: Բայց սա չի նշանակում, որ մենք տնտեսական բարդությունը հաղթահարել ենք: Սա նշանակում է, որ մենք վերականգնման պրոցես ենք սկսել, որը պետք է շարունակենք, որ կարողանանք նոր տնտեսական ցուցանիշներ գրանցել»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ տնտեսական ցուցանիշներն իր համար անսպասելի են:
«Սա ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ պետք է անել առավելագույնը, որ խուսափենք այդ լոքդաունի վերադառնալու անհրաժեշտությունից, որովհետև առողջապահական առումով մենք թվերի որոշակի նվազում ունենում ենք, բայց տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս լինի, որ մենք տասնամյակով վերականգնվել չկարողանանք: Ուզում եմ պայմանավորվենք՝ լոքդաունի վերադառնալու անհրաժեշտություն չունենանք, իսկ սրա համար հարկավոր է ճշգրիտ պահել հակահամաճարակային կանոնները: Եթե մենք այս կանոնները պահենք, մայիսի տվյալները ցույց են տալիս, որ կունենանք բավականաչափ արագ վերականգնում»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ առևտրաշրջանառության ծավալները նույնպես վերականգնվում են, տնտեսական առումով հսկայական էֆեկտ է ունեցել Կառավարության որդեգրած քաղաքականությունը, բայց հակահամաճարակային կարգապահության լավ ցուցանիշներ այդ ամսին չենք ունեցել՝ ի տարբերություն այժմյան տվյալների:
«Եթե մենք ստիպված լինենք լոքդաունի գնալ, գուցե այս անգամ կորցնենք ոչ թե 71, այլ 150 հազար աշխատատեղ, և այս պարագայում գուցե վերականգնումը արագ չլինի կամ հնարավոր չլինի: Ուրեմն կոչ եմ անում՝ պահել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ հունիսին կվերականգնվեն փակված մյուս աշխատատեղերը: