ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 22-ին տեսակապով մասնակցել է «Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19» խորագրով համաժողովին: Համաժողովը կազմակերպել էին՝ G20 առողջապահության և զարգացման համագործակցությունը, Կին քաղաքական առաջնորդների միավորումը և Նորարարական ախտորոշման հիմնադրամը:
Համաժողովի նպատակն էր միավորել միջազգային հանրությանը, առողջապահության և քաղաքական ոլորտի կին առաջնորդներին՝ կիսվելու իրենց փորձով, հանդես գալու խորհուրդներով, ցույց տալու հնարավոր ռազմավարություն, թե ինչպես Covid-19 համաճարակի ընթացքում երկրները կարող են կրկին վերաբացվել և ինչպես ապահովել հանրությանը նոր, պարզ և մատչելի թեստերով:
Համաժողովի բանախոսներն էին՝ Սենեգալի Հանրապետության նախկին վարչապետ Ամինատա Տուրը, Նորվեգիայի նախկին վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանը, Աֆրիկյան միության սոցիալական հարցերով հանձնակատար Ամիրա Էլֆադիլ Մուհամեդ Էլֆադիլը, Նորարարական ախտորոշման հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կատարինա Բոեհմեն, Կին քաղաքական առաջնորդների միավորման հիմնադիր և նախագահ Սիլվանա Կոչ-Մեհրին, G20 առողջապահության և զարգացման համագործակցության գործադիր տնօրեն Հատիս Քուչուկը: