Միացյալ Նահանգները ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ միջուկային սպառազինության վերահսկման համաձայնագիրը՝ ատոմային ամբողջ սպառազինությունն ընդգրկելու նպատակով: Այս մասին հայտարարել է ամերիկացի բանագնացը թեմայի վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններից հետո՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Միացյալ Նահանգների՝ սպառազինության վերահսկման հարցերով հատուկ բանագնաց Մարշալ Բիլինգսլիի խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Չինաստանն էլ միանա բանակցություններին, որն ուղղված է 2010-ին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ստորագրված ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման համաձայնագիրը նորով փոխարինելուն: Ի դեպ, այս փաստաթուղթն իրավական ուժը կորցնում է 2021-ի փետրվարին:
Վաշինգտոնը ձգտում է գործարքի մեջ ներգրավել նաև Չինաստանը, քանի որ ԱՄՆ-ի հավաստմամբ՝ Պեկինը գաղտնի մեծացնում է իր միջուկային սպառազինության ծավալները, մինչդեռ Մոսկվան բազմակողմ համաձայնագրի կողմնակից է, որում հավանաբար կընդգրկվեն Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան:
Ամերիկացի բանագնացը հույս է հայտնել, որ սպառազինության վերահսկման հաջորդ համաձայնագիրը կվերաբերի միջուկային ամբողջ սպառազինությանը, այլ ոչ միայն ռազմավարական միջուկային զենքին: