Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել է ԵԱՀԿ 2020 թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:
Համաժողովի բացման նիստում հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
Համաժողովին ելույթով հանդես է եկել նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 45-րդ տարեդարձը` նա նշել է, որ 1975 թ.-ից ի վեր ԵԱՀԿ ընտանիքի էական ընդլայնումը տեղի է ունեցել դրա սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման շնորհիվ:
Ապիտոնյանն ընդգծել է, որ Հայաստանը և Արցախը շարունակում են հավատարիմ մնալ 1994 թ. հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի տառին և ոգուն: ԱԳ նախարարի տեղակալը հիշատակել է լրագրողների փոխանակումը հակամարտության բոլոր երեք կողմերի միջև՝ որպես վստահության ձևավորման լավ օրինակ, ինչը կարող է նպաստել լարվածության նվազեցմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Ապիտոնյանը մտահոգություն է հայտնել, որ, այդուհանդերձ, հարևան երկրում պետական մակարդակով հնչող շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, տարածքային պահանջների առաջքաշումը, պատմությունը վերաշարադրելու փորձերը խոչընդոտում են խաղաղ գործընթացին:
ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջիններից էր, ով իր աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադար հաստատելու կոչին: Հայաստանը ողջունեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու և հակամարտության գոտում իրավիճակը վտանգող ցանկացած գործողությունից հրաժարվելու կոչը՝ նկատի ունենալով ներկայումս դիտարկումների անցկացման սահմանափակումները: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավելին, անցկացվել են լայնածավալ զորավարժություններ՝ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտումներով՝ սրելով առանց այն էլ փխրուն անվտանգային իրավիճակը: Իր խոսքում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ ճգնաժամերի դեպքում, ինչպիսին է Covid-19 համաճարակը, առավել կարևորվում է ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում: