IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում կկազմակերպվի «Ավրորայի» հնգամյակին նվիրված հատուկ՝ «Երախտագիտությունը՝ ի գործ» պաշտոնական ճաշ, որի ընթացքում կմեծարվեն «Ավրորա» մրցանակի հինգ դափնեկիրները և հարգանքի տուրք կմատուցվի Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին։
Հարյուր տարի առաջ 200 միլիոն դոլար (այժմ ավելի քան 2 միլիարդ դոլարին համարժեք գումար) է հավաքվել՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին և հալածանքների ենթարկված այլ համայնքների օգնելու համար։ Նյու Յորքի բնակիչներն այս նախաձեռնության ամենաակտիվ աջակիցներից էին. նրանց բարեգործությունն օգնեց փրկելու վերապրողների մի ամբողջ սերունդ։ Նույն այս քաղաքում 2015 թ. ազդարարվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրումը։ Ուստի խորհրդանշական է, որ «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունը՝ ի գործ» պաշտոնական ճաշը տեղի է ունենալու այդ նույն քաղաքում։ Դրամահավաքը կմիավորի «Ավրորայի» աջակիցներին՝ ի նշան համերաշխության և նախաձեռնության գործունեության շարունակականության։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նրանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն։ «Ավրորայի» հնգամյա առաքելությունը եղել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի միջոցով աշխարհի մարդասերների փառաբանումը և կարիքավորներին օգնելը՝ դափնեկիրների առաջադրած կրթական, առողջապահական ու հմտությունների զարգացման ծրագրերով։ Մրցանակի դափնեկիրն ստանում է 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգև, ինչը դափնեկրին բացառիկ հնարավորություն է տալիս շարունակելու մարդասիրության շղթան և օժանդակելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Վերջին հինգ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեզ հիշեցրել է մեր ընդհանուր մարդկայնության մասին՝ միավորելով մարդկանց և վերափոխելով կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու ձևն ամբողջ աշխարհում: Մինչ օրս նախաձեռնությունը 16 երկրում աջակցել է 28 ծրագրի, որոնցից օգտվել է գրեթե մեկ միլիոն մարդ։ Հնգամյակի այս տոնակատարությանը բոլորին կոչ եմ անում միանալ մեզ և այս շարժումը զորացնել դժվարին այս ժամանակներում, երբ մեզ ավելի շատ հերոսներ են անհրաժեշտ»,- ասել է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին։
Այսօր, երբ աշխարհը պայքարում է՝ հաղթահարելու կորոնավիրուսի ծանր մարտահրավերը, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել և աճել թվաքանակով՝ համավարակի պատճառած հավելյալ ճնշման հետևանքով։ «Ավրորան» քաջալերում է նրանց, ում բախտ է վիճակվել փրկվել և կյանքում արժանանալ երկրորդ հնարավորության, արտահայտել իրենց երախտագիտությունը՝ դառնալով փրկողների հաջորդ սերունդը, շարունակելով մարդասիրության շղթան։
«Ավրորան» գործով արտահայտված երախտագիտություն է․ երախտագիտությունը՝ ի գործ։ Այն համընդհանուր ուղերձ է և գաղափար, որն արձագանք է գտնում ամբողջ աշխարհի մարդկանց սրտերում՝ արթնացնելով մարդկային համերաշխությունը։ Այսօր, երբ մարդկությունը դիմակայում է կորոնավիրուսի համավարակին, մենք ձգտում ենք մարդկային համերաշխության, համագործակցության ու ներշնչանքի, որոնք կմիավորեն մեզ, թույլ կտան հաղթահարել մեր տարբերությունները և կտրամադրեն մեզ գործողության ընդհանուր հարթակ։ Անցյալ 4 տարվա ընթացքում «Ավրորան» մեզ միջազգային այնպիսի հարթակ է տրամադրել, որն իր մեջ ամփոփում է համերաշխություն, հույս և գործելու հնարավորություն։ Մենք հպարտությամբ տոնում ենք մեր հինգերորդ տարեդարձն այնտեղ, որտեղից սկսել ենք։ Մեզ համար պատիվ է գտնվել Նյու Յորքում, որտեղ հարյուրավոր նորօրյա հերոսներ են երևան եկել համավարակի ընթացքում՝ դառնալով խիզախության, անձնազոհության, ազնվության ու մարդկային համերաշխության վկայություններ»,- ասել է Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։
Դուք կարող եք միանալ «Ավրորային» և ձեր նվիրատվությամբ աջակցել «Երախտագիտությունը՝ ի գործ» շարժմանը կամ ամրագրել սեղան կամ տոմս Նյու Յորքում կայանալիք պաշտոնական ճաշի համար։ «Երախտագիտությունը՝ ի գործ» միջոցառման ընթացքում հավաքված գումարը օգնելու է շարունակել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի դափնեկիրների ջանքերը։ Պաշտոնական ճաշի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել էլփոստի հետևյալ հասցեով՝ [email protected]: