ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:
Նշված դեպքի առթիվ 2020 թ. հունիսի 18-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) հատկանիշներով, որի նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993 թ. Քասախ համայնքի Ռ.Սաֆարյան 8-րդ հասցեում կառուցել է շինություն, որի դիմացի հատվածում 17 քմ եղել է ապօրինի, որը վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012 թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչուհու:
Այնուհետև վերջինիս որդին, որը փաստացի տիրապետում է նշված գույքը, 2015 թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ համայնքի՝ վերոնշյալ բնակչի կողմից ապօրինի կառուցված՝ Ռ.Սաֆարյան 8-րդ հասցեում առկա 17 քմ տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար, ինչին համայնքի ղեկավարը բանավոր համաձայնություն է տվել և չի իրականացրել ՀՀ ՏԻՄ օրենքով սահմանված իր լիազորությունները, այն է՝ չի կանխարգելել և կասեցրել ինքնակամ կառույցի շարունակվող շինարարությունը, որի արդյունքում էլ 2015 թ. վերջնական ավարտին է հասցվել ապօրինի շինարարությունը:
2020 թ. տեղեկանալով, որ վերը նշված առերևույթ հանցագործության վերաբերյալ քննվում է քրեական գործ՝ համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել իր նախկինում կատարած անօրինականությունը և միայն 2020 թ. հունիսի 2-ին կայացրել է համայնքի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152--րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: