«Այն տեսքտին, որը պետք է քննարկվի այսօր, մենք նոր ենք ծանոթացել և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքից, այլ լրատվամիջոցների հրապարակումներից, որը ևս մեկ անգամ փաստում է , որ մայր օրենքում կատարվող փոփոխություններին անգամ պատգամավորները չեն կարողանում ժամանակին ծանոթանալ: Այս հրատապությունը կրկին փաստում է ոչ ազնիվ վարքագծի մասին»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծին:
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ այդ փոփոխությունը նախատեսվում է երկու հիմնական ուղղություններով: Փոփոխություններից մեկն այն է, որ 12 տարի աշխատած դատավորներն ըստ էության պետք է դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, և երկրորդը, որ ՍԴ նախագահը պետք է այլևս նախագահ չլինի, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Ըստ Սիմոնյանի՝ այդ երկու հարցն էլ իրավական տեսանկյունից բավականին խնդրահարույց են: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացին զուգահեռ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը զուգահեռ աշխատանքներ է իրականացնում Սահմանադրական համապարփակ փոփոխություններ կայացնելու ուղղությամբ, և այդ հանձնաժողովի քննարկման առարկաներից է նաև ՍԴ հարցը:
«Լուսավոր Հայստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ իրենք իրենց ասելիքն այս թեմայով ասել են, և հայտարարեց՝ եթե տեսնեն՝ անիմաստ է այսօրվա ԱԺ արտահերթ նիստին մասնակցելը, ապա չեն մասնակցի: