Կիրակի Սերբիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 6 584 376 քաղաքացի: Ըստ նախնական արդյունքների՝ հաղթել է նախագահ Ալեքսանդր Վուչիչի Սերբական առաջադիմական կուսակցությունը՝ ստանալով ընտրողների 63,4%-ի աջակցությունը: Երկրորդ տեղում Սերբիայի սոցիալիստական կուսակցությունն է՝ 11 տոկոս ձայնով:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցանկանում է հնարավորինս արագ անդամակցել ԵՄ-ին: «Մենք պետք է արագացնենք մեր եվրոպական ուղին: Պետք է գնանք լրացուցիչ բարեփոխումների»,- ասել է պետության ղեկավարը:
2012-ի մարտից Սերբիան Եվրամիության անդամակցության թեկնածու է: Դաշինքին միանալու համար Բելգրադը պետք է հետևի մի շարք պայմանների՝ տնտեսական բարեփոխումներ, փոփոխություններ օրենքի գերակայության ամրապնդման ոլորտում, անկախ դատական համակարգի զարգացում, խոսքի ազատության պաշտպանություն և Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորում: