Խորհրդարանի արտահերթ նիստում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մեկնաբանեց արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանն ասաց, որ հանձնաժողովը նախագծի կոնցեպտի մասով համաձայն է. 12 տարուց շատ պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցման սկզբունքը ևս ընդունելի է, սակայն առաջարկել է, որպեսզի լիազորությունների դադարեցման համար սահմանվի որոշակի անցումային շրջան:
Բադասյանը ԱԺ-ում տեղեկացրեց, որ հանձնաժողովն առաջարկել է այդ անցումային շրջանը որոշել այդ դատավորների՝ նախորդ Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման ժամկետների հարաբերակցությամբ: Նախարարի խոսքով, սակայն, այդ առաջարկը խնդիր կարող է առաջացնել և ենթակա է քննարկման: Ասաց՝ կարող է լինել իրավիճակ, որ այն դատավորները, որոնց լիազորությունները ենթակա կլինեն դադարեցման, անցումային շրջան սահմանելու դեպքում ավելի երկար պաշտոնավարեն, քան այն դատավորները, որոնք սահմանափակված են լինելու 12 տարի ժամկետով:
«Հանրաքվեի գործընթացը նախաձեռնելուց հետո կապի մեջ ենք եղել ԵԽ-ի, Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ՝ գործողությունների հետագա ծրագիրը քննարկելու համար: Դիմել էինք Վենետիկի հանձնաժողով՝ առաջադրելով իրավական երեք հարց, որոնք վերաբերում են՝ 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, ՍԴ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։ Այպիսով Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակը: Նշվել է նաև, որ դատավորների անփոփոխելիության սկզբունքը ԵԽ տարածքում չափազանց կարևոր երաշխիք է և խորհուրդ է տալիս ցանկացած փոփոխություն կատարել զգուշավորությամբ»,- ասաց Բադասյանը:
Առաջարկված փոփոխություններով նախատեսվում է գործող դատավորների պաշտոնավարումը սահմանել՝ նրանց ցմահ մանդատը փոխարինելով կենսաթոշակային տարիքի ժամկետով: 12 տարով սահմանափոկումը համարվել է ընդունելի: ՍԴ նոր մոդելը կյանքի կոչելու պատշաճ տարբերակը գործող դատավորների պաշտոնավարման ժամկետի պահպանումն ու նոր ժամկետների աստիճանական ներդրումն է: Նախարարն իրավիճակի հնարավոր լուծում է համարում 213-րդ հոդվածի փոփոխությունը և ՍԴ -ի թարմացումը՝ նախատեսելով անցումային ժամանակահատված:
Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է նաև ՍԴ նախագահի պաշտոնավարման հարցին՝ շեշտելով որ այս դեպքում երաշխիքներն ավելի մեղմ են, քանի որ խոսք է գնում ՍԴ նախագահի պաշտոնավարման դադարեցման մասին:
ՍԴ նախագահի նշանակման գործընթացի վերաբերյալ հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների փաստարկը՝ շեշտելով, որ ՍԴ նախագահն ընտրվել է նախորդ նախագահի պաշտոնավարումից ընդամենը մի քանի օր առաջ: Հանձնաժողովը նաև ընդունել է, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական իրականացման միջև ընկած ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է: Ըստ հանձնաժողովի կարծիքի՝ այն հանգեցնում է 2015 թվականի փոփոխությունների իրագործման խափանմանը:
Բադասյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքը և այսօր քննարկվող նախագիծն ամբողջությամբ համահունչ են: Ընդգծեց՝ հիմնական կետերի, կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն որդեգրված սկզբունքի և 2015 թվականի ՍԴ մոդելը կյանքի կոչելու իշխանության տարբերակի միջև: