Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների և գերակայությունների, ընթացիկ բարեփոխումների ընդլայնման հնարավորությունների համատեքստում համագործակցության նոր ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2020-2021 թթ. երկամյակի շրջանակում շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն է ներկայացրել «Վայոց ձորի մարզի երկրաբանական լանդշաֆտների և բնության հուշարձանների արդյունավետ կառավարում՝ երկրաբանական բազմազանության պահպանության և մշակութային-լանդշաֆտային ժառանգության կայուն զարգացման համար»:
Ծրագրային հայտով դիտարկվում է մի շարք գործողությունների իրականացում, այդ թվում՝
բնության երկրաբանական, հիդրոերկրաբանական և բնապատմական հուշարձանների ցանկի արդիականացում.
հուշարձանների հստակ տեղորոշում, դրանց վերաբերյալ ճանաչողական-տեղեկատվական փաթեթների կազմում.
բնության հուշարձանների կապակցում տարածաշրջանային բնույթի երկրաբանական, տեկտոնական-կառուցվածքային երևույթների հետ.
տեղական ինքնակառավարման մարմինների, ազդակիր համայնքների և շահագրգիռ հանրության համար սեմինարների և ինֆորմացիոն այցելությունների կազմակերպում.
հանրային իրազեկման և էկոլոգիական կրթության զարգացում.
մշակութային-լանդշաֆտային ժառանգության համալիր դիտարկում՝ որպես Վայոց ձորի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացման հեռանկարային ուղղություն:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ելակետային տեղեկատվության ապահովման նպատակով ս.թ. հունիս ամսվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները կազմակերպել և իրականացրել են ճանաչողական երթուղիներ՝ ներառելով Վայոց ձորի մարզի երկրաբանական, ջրագրական, տեկտոնական և պատմական-մշակութային հուշարձանների տեղավայրերը: Ուսումնասիրվել և տեղորոշել են երեք տասնյակից ավելի հուշարձաններ, ինչը արտացոլված է ստորև ներկայացված քարտեզում:
Հավաքված փաստացի նյութերը հիմք են հանդիսանալու մշակվելիք փաստագրական փաթեթների, բուկլետների համար: Յուրաքանչյուր հուշարձանի համար կազմվելու է տեղեկատվական փաթեթ, որտեղ նկարագրվելու է հուշարձանի նշանակությունը տարածաշրջանի երկրաբանական զարգացման պատմության, հնէաբանական հետազոտությունների, տեկտոնական ակտիվ տեղաշարժերի, հանքայնացման խորքային աղբյուրների բացահայտման և հետազոտական մեկնաբանության տեսակետից:
Ծրագրվող աշխատանքները խթան կլինեն մարզի դպրոցական տարիքի երեխաներին նոր էկոլոգիական գիտելիքների ուսուցման, դաստիարակության, էկոլոգիական մշակույթի արմատավորման, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշման, ունակությունների դրսևորման և վարքագծի ձևավորման համար: