Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայսաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ նախկինում հնչեցրած բոլոր տեսակետներն ուժի մեջ են, անկախ նրանից, թե դատարանը կիրակի ինչ որոշում է կայացրել:
«Կարող եմ ասել, որ սա ո՛չ մեր հաղթանակն է, ոչ էլ իշխանությունների պարտությունը: Սա ընդամնեը եկավ ապացուցելու օրենքի գերակայության, առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները:
Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները: Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ, և դատարանը հաստատեց մեր հնչեցրած տեսակետները»,- նշեց Տոնոյանը:
ԲՀԿ-ն կմասնակցի այսօրվա նիստին: Նախորդ նիստը բոյկոտելու վերաբերյալ Տոնոյանն ասաց, որ այդ ժամանակ բողոքի խոսք են հայտնել, բայց շարունակելու են օրենսդիր գործունեությունն ու այսօր հանդես են գալու ելույթներով: