Գրքի հրատարակումից առաջ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հարցազրույց է տվել ABC-ին, որի ժամանակ քննադատել է իր նախկին ղեկավարին: Բոլթոնը հույս է հայտնել, որ ընտրություններում Թրամփը կպարտվի, քանի որ նրան համարել է գործից «ապշեցուցիչ անտեղյակ» ղեկավար, որը կայացնում է «սխալ» և «իռացիոնալ» որոշումներ: Ըստ Բոլթոնի՝ Թրամփը չի կարողանում անձնական շահն առանձնացնել երկրի շահից:
«Հուսով եմ, որ նա կմնա պատմության մեջ որպես մեկ ժամկետի նախագահ և երկիրը չի հասցնի անդառնալի անկման, որից այլևս հնարավոր չի լինի դուրս գալ»,- ասել է նա:
Բոլթոնի գիրքը վաճառքի կհանվի հունիսի 23-ին, քանի որ Կոլումբիայի շրջանի դատարանը մերժել է ԱՄՆ արդարադատության նախարարության հայցադիմումը, որը պահանջում էր արգելել «Կաբինետը, որտեղ դա տեղի ունեցավ» գրքի հրատարակումը:
Դատարանի կարծիքով՝ Թրամփի վարչակազմը չի կարողացել ապացուցել, որ գրքի հրատարակումն արգելելով՝ հնարավոր կլինի կանխել «անուղղելի վնասը»: