ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Այսօր` հունիսի 22-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում:
Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի խախտման հիմնական դեպքերն առնչվել են հեղուկ գազի և բենզինի որոշ լցակայանների, ինչպես նաև շինանյութի վաճառքի մի քանի կետերի: Մասնավորապես, բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Հեղուկ գազի լցակայաններից մեկում առկա չի եղել ախտահանիչ նյութ:
Խնդիրներ չեն արձանագրվել հագուստի վաճառքի դիտարկված կետերում: Խանութներում առկա են եղել հատուկ փակ աղբամաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Նշված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ստուգումները շարունակվում են: