Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորիների պնդմանը, թե քրեական գործ է հարուցվել իրենց խմբակցության ղեկավարի վրա հունիսի 5-ին արված հայտարարությունից հետո, որով Ծառուկյանն անվստահություն էր հայտնում Կառավարությանը:
«Ի՞նչ հայտարարություն էր դա: Անկեղծ ասած մինչ օրս փորրձում եմ հասկանալ: Որովհետև այդ հայտարարությունից օրեր անց կարծես թե վերախմբագրելով գնաց: Սկզբում ասում էր, թե Կառավարությունը պետք է հրաժարական տա, հետո ասում էին՝ դե լավ, ի՞նչ ենք ասել, ընդամենը մտահոգություն ենք բարձրաձայնել: Կամ եթե պարոն Ծառուկյանն ասել է՝ Կառավարությունը պետք է փոխվի, հիմա ի՞նչ՝ էլ չի՞ անում: Սովորական հայտարարությո՞ւն էր:
Ավելին ասեմ՝ ես իսկապես շնորհավորում եմ «Բարգավաճ Հայաստանին», որովհետև իրենք իրենց ողջ գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը և այդ պահանջից 10-15 օր հետո դեռ շարունակում են պահանջել, որովհետև իրենց քաղաքական փորձը միշտ ցույց է տվել, որ իրենք պարբերաբար եղել են այլընտրանք, այլ ուժ: Ժամանակին իմ և ձեր ուղիղ հարցադրմանը՝ պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ միշտ եղել է խուսափողական պատասխան: Մեկ անգամ հնչել է նմանատիպ արտահայտություն, և այդ արտահայտությունից շատ կարճ ժամանակ անց քաղաքականության էջ է փակվել»,- հիշեցրեց Սիսակ Գաբրիելյանը: