Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հաշվի առնելով Հայաստան մեկնելու համար գրանցված քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքը (ավելի քան 25 հազ․ քաղաքացի), ս/թ հունիսի 22-ին դեսպանությունը դադարեցնում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը։
«Ինչպես նշել ենք նախորդ հաղորդագրության մեջ, համաճարակով պայմանավորված իրավիճակում, ցավոք, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը չարտերային չվերթներով, նշված է դեսպանատան Ֆեյսբուքյան էջում։
Առաջիկայում՝ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսումը, դեսպանության կողմից կշարունակվեն չարտերային չվերթների կազմակերպման շուրջ աշխատանքները՝ ուղղված հաշվառված քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմանը։
Մինչդեռ, ելնելով դեսպանությունում գրանցված, սակայն չվերթներից հրաժարվող քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքից, ինչպես նաև հաստատումից հետո չվերթներին չներկայանալու փորձից, այս ուղղությամբ ևս նոր քայլեր կմշակվեն։
Չարտերային թռիչքների չվացուցակի մասին կհայտնենք առաջիկայում»,- տեղեկացնում է դեսպանությունը։